Երբե՛ք մի մոռացեք, թե ինչի են ունակ «խելագարված ամբոխները»
03.03.2020 | 01:33
Թվում էր` հայաստանյան «թավշյա» հեղափոխությունը, որն ալեկոծել էր զանգվածներին, կունենա թավշյա ընթացք, քանզի իրապես մեծ էր փողոց դուրս եկածների ոգևորությունը և հավատը: Քայլածներին սրբացնողներն ապրում էին երազներով, պաշտպանում իշխանափոխություն անողների յուրաքանչյուր քայլը, դրանով ասում, որ կողմ են ամեն մի նորացման, որն ուղղված է երկրի զարգացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, միջազգային մասշտաբով նրա դերի, հեղինակության բարձրացմանը, գլոբալ աշխարհում իր տեղն ունենալուն:
Ակնկալիքներ, որոնք իրականանալի են միայն մեկ դեպքում, երբ տվյալ երկրի ներսում կա համերաշխության, պետության քաղաքացիներին գնահատելու, արժևորելու, հասարակությունն իրար դեմ չհանելու, արհեստականորեն սև-սպիտակի չբաժանելու, եթե չասենք՝ ատելություն չսերմանելու մթնոլորտ։
Կյանքը բազմիցս է ապացուցել 2018-ի իշխանափոխությունից հետո ամենժամյա ռեժիմով հնչող և մեր ականջներն ու նյարդերը սղոցող վերամբարձ պնդումները, թե իշխանությունները ժողովրդի հետ են, ժողովուրդն իշխանությունների, իրողություն է դառնում, երբ Աստված մի արասցե, երկրի առջև հառնում է լինել-չլինելու խնդիրը: Վկան՝ 2016-ի ապրիլյան հերոսական քառօրյան (որի մասնակիցների փառքն այսօր փորձում են նսեմացնել բանակից ու ռազմական գործից բացարձակ բոբիկները անհասկանալի հանձնաժողովներով): Մինչդեռ այդ օրերին առավել քան միասնական էր մեր ժողովուրդը. ժամանակի ղեկավարության նկատմամբ եղած համակրանքներն ու հակակրանքները մի կողմ դրած, բոլորը մեկ մարդու նման բռունցքվել-կանգնել էին երկրի պաշտպանության դիրքերում. պայքարում էին, զոհվում, քանզի համոզված էին` միշտ էլ այդպես է եղել և է՛, առանց որի հայ ժողովուրդը չէր հասնի մեր օրերը:
Հետևապես, պարտավոր ենք հեղափոխական պաթոսը դնել մի կողմ և լինել միասնական, անկախ նրանից` իրար ընդունու՞մ ենք, թե՞ ոչ: Ներկա իշխանավորների, նաև լայն հասարակայնության նկատմամբ պահանջը մեկն է՝ լինել հեռատես, ավելին՝ շա՜տ հեռատես, քանզի էմոցիաները լավ խորհրդատու չեն։ Ասել է` անհրաժեշտ է վեր կանգնել ճղճիմ ամբիցիաներից, լինել հանդուրժող, չդառնալ մանրախնդիր, ամեն ինչ չպտտեցնել սեփական անձի ու ընտանիքի առանցքի շուրջը, բախտի բերմամբ, թե պատահմամբ ձեռք գցած աթոռի բարձունքից «չընկնել», ինչպես ռուսն է ասում` «վՌՋպ տսՌվՑցրՈ»: Երբե՛ք ու ո՛չ մի առիթով ժողովրդին չի կարելի վիրավորել, նսեմացնել, չի կարելի սեփական երկրի քաղաքացիներին «շնաբարո դուրսպրծուկներ» կամ հրոսակներ անվանել։
Եթե չգիտես, ուրեմն՝ անկախ դիրքից (ինչն այսօր ունես, վաղը` ոչ) գնա՛ ու սերտի՛ր դարեր ի վեր հայտնի ճշմարտությունը՝ մեզ համար հրոսակը միայն ու միայն արտաքին թշնամին է եղել։ Ներսում չի՛ կարելի թշնամիներ փնտրել։ Վայել չէ երկրի ղեկավարին կյանքի հատակում հայտնված անլվային հատուկ բառապաշարով հայհոյել աջ ու ձախ, հոխորտալ ու սպառնալ։
Տեղին է մտաբերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորդորը` կա՛նգ առեք...
Կա՛նգ առեք ու հասկացե՛ք, հասել ենք այնպիսի հանգրվանի, որ կրկին ստիպված ենք լուծելու անչափ կենսական, մեր լինելությանն առնչվող խնդիրներ։
Կա՛նգ առեք ու մի կողմ թողեք մանր քինախնդրությունը, վրեժի խելագարության հասցնող դրսևորումները և ծառայեք, եթե իհարկե ի վիճակի եք, միայն մի բանի՝ հայրենիքի այսօրվա և վաղվա լինելության նպատակին:
Կա՛նգ առեք ու հասկացեք վերջապես՝ երկիր կառավարելը փողոցում ծավալած միտինգային գործունեություն չէ:
Երկիր ղեկավարելը սեփական գրպանում «տեղավորած» խորհրդարանում հոխորտալն ու թիվ 1 ամբիոնից գաղափարական հակառակորդներին հանցագործներ կամ «վնգստացողներ» անվանելը չէ:
Երկիր ղեկավարելն իսկական արվեստ է:
Չկասկածեք, աթոռի բարձունքից ամեն մեկն էլ ամեն ինչ ու ամենքին կարող է ասել: Դա տղամարդկություն չէ, այլ, իրերն անվանենք իրենց անուններով, վատ կրթվածության դրսևորում:
Իսկական տղամարդկություն և դիվանագիտական այբուբենին տիրապետելու հզոր դրսևորում է, օրինակ, միջազգային հարթակից գլուխը բարձր հայտարարելը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը երբե՛ք ու ո՛չ մի պարագայում չպետք է դիտարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։
Կա՛նգ առեք, դրսևորեք (որքան էլ դժվար է) հանդուրժողականություն և մեր ժողովրդի դարերից եկած իմաստնությունը դարձրեք ձեր միակ խորհրդատուն, որը հեռանկար է և փրկություն:
Հիշեք` իմաստնությունը ոչ թե պոռթկման, Ճղճղոցների, ամեն ինչ սևացնելու մեջ է , այլ խորհելու:
Պետք չէ ամեն ինչում ու ամենքի մեջ տեսնել միայն վատը: Հիշեք՝ ինչպիսին են եղել մեր մեծերը, որ տառապել են ժողովրդի դարդ ու ցավով, կիսել նրա հոգսերը, դժվարությունները, անգամ խելագարվել վշտի ծանրությունից, ինչն էլ վկայում է, որ նրանք ապրել են անանձնական կյանքով: Իզուր չէ, որ նրանց մեր ժողովուրդը մեծարում է և անվանում նվիրյալներ:
Չթվարկելով բազում հայ մեծերի անունները` միայն արձանագրեմ. մերօրյա նվիրյալները առաջին հերթին սահմանին կանգնած զինվորներն ու սպաներն են, մեր ազգային հերոսները, երկրի այսօրվա համար բոլոր մարտնչածները, «Եռաբլուրում» ամփոփվածները, հաշմանդամ դարձածները, ներկայիս բոլոր տնանկները, սովածները, որ ձեր բոցաշունչ ելույթներից խաբված դուրս եկան փողոց ու ելան մարտի, բա՞յց… ո՛չ մարտ կար, ո՛չ էլ նախկինների դիմադրություն:
Զանգվածների դյուրահավատությունը շահարկելով` իշխանության եկածները, որ հիմնականում չծառայածներ են, արցախյան ազատամարից խուսափածներ, պարտավոր են զերծ մնալ թշնամուն հատուկ քինախդրությամբ մեր արմատներին ու ազգային արժեքներին հարվածելուց:
Վե՛րջ տվեք ճամարտակելուն, մեծ-մեծ խոսելուն-խոստանալուն, բայց հակառակը գործելուն։
Վե՛րջ տվեք կոռուպցիայի, թալանի ու լափամանի (կներեք, ձեր բառերն են) մասին վերամբարձ մտքեր արտահայտելուն:
Վե՛րջ տվեք «թավշի» քողածածկույթի տակ կատարվող ապօրինություններին, առաջին հերթին` երկրի բյուջեն անիմաստ մսխելուն:
Վե՛րջ տվեք ինքնապարգևատրումներին՝ համընդհանուր աղքատության ֆոնին։ Բազում ընտանիքներ մի կտոր հացի խնդիրն են դժվարությամբ լուծում, իսկ մի բուռ ջահելներ, որ ընդամենը քայլել են Գյումրիից Երևան (եղած-չեղածը՝ 150 կմ) ռուսի ասածով «шикуют от и до»!
Խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից, խաղում դյուրահավատների նուրբ լարերի վրա: Իսկ մտածե՞լ եք, թե ինչ բնորոշում ունի ձեր արածը, եթե ոչ կոռուպցիա:
Վկայակոչեմ 1-2 փաստ. երիտասարդը, որը երկրի արդարադատության նախարարի աթոռն է զբաղեցնում (արժանիքները թողնենք մի կողմ) 6 ամսում 16 հազար դոլար պարգևավճար է ստացել։ Կարմրելու փոխարեն փորձում է հեգնել (ի դեպ, շա՜տ անհաջող).
-Իսկ յուանով ինչքա՞ն է: Յուանո՛վ հաշվարկեք, այդպես ավելի հետաքրքիր վերնագրեր կլինեն:- Երիտասարդ, մեզ ցուցում մի՛ տուր, ի՛նքդ նստի՛ր ու հաշվիր, եթե ի վիճակի ես… Յուանով էլ հաշվիր (նկատեմ, որ տարադրամների անվանումները լավ էլ գիտես), լիրայով ու պեսոյով էլ… Դրանից գումարը չի փոխվի:
Ամոթից կարմրելու փոխարեն ջահելն արդարանում է, թե կան նախարարներ, որ ավելի շատ են ստացել։
Ցավով պետք է արձանագրեմ` սկոլիոզով «տառապող» դասալիքը մի բանում, այնուամենայնիվ, ճիշտ է. սոցապնախարարի աթոռին նստած նրա գործընկերը՝ Զարուհի Բաթոյանը, պարզվում է, 8 ամսում 31 հազար դոլար պարգևավճար է ստացել։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի մայիս ամսից մինչև տարեվերջ ստացել է 21 000 ԱՄՆ դոլարի պարգևավճար:
Առողջապահության նախարարը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 31 հազար դոլար:
Էլի՞ շարունակեմ.
ՀՀ գլխավոր դատախազությունում 2018-ի մայիսի 5-ից մինչև 2020-ի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածը 2 միլիոն 676 հազար դոլարի պարգևավճար են ստացել։
Նույն ժամանակահատվածում ֆինանսների նախարարությունում պարգևավճարները կազմել են 2 միլիոն 562 հազար դոլար և այսպես շարունակ։
Քիչ է մնում մարդ սրտի կանգ ստանա։
Պարույր Սևակը, եթե ողջ լիներ, կրկին կգոչեր` դե ե՛կ վարդապետ ու մի՛ խենթացիր։
Մսխվող, փոշիացվող այդ գումարները պետք է ուղղվեն միայն ու միայն բանակին, սահմանի վրա կանգնածներին, աղքատներին, ատելություն ու թշնամանք սփռած թավիշներիդ բոցաշունչ ճառերից խաբվածներին:
Ձեր անտաղանդ ղեկավարման (ավելի ստույգ՝ չղեկավարման) պատճառով հեղափոխական պաթոսով համակվածներն այսօր բախվել են անհամար բարդությունների, խնդիրների և փորձում են հասկանալ թե ինչ է կատարվում երկրում, թե մեզ ուր են տանում անակնկալ խութերը, անհասկանալի գործընթացներն ու զարգացումները:
Մինչդեռ միջին վիճակագրական քաղաքացուն անհրաժեշտ է հավատ, վստահություն, որ ինքը չի խաբվել, որ իր և երկրի ղեկավարության միջև մեծ հաշվով հոգսերը, մտահոգությունները նույնն են. ուզում է ունենալ ապահով, անվտանգ, պաշտպանված, ամբողջական, հուսալի ու արդար երկիր: Նրան խորթ են այսօր կատարվող անհասկանալի մանիպուլյացիաները, ինտրիգները, մեքենայությունները։ Ժողովուրդը հոգնել է իշխանական հաշվենկատ խաղերից, ամենօրյա ռեժիմով իրար մատնելու, վարկաբեկելու գործընթացներից, «բռնեմ-բաց թողնեմ»-ներից, չհիմնավորված մեղադրանքներից, զրպարտանքներից, ամոթալի «մասկի շոուներ»-ից, բացահայտ ստերից։ Կարճ ասած` ժողովրդին «զբաղեցնելու», նրա ուշադրությունը գլխավորից շեղելու հնարքներից և փորձերից: Ժողովրդին պետք են պարզ, հասկանալի, ինչպես սիրում են թմբկահարել վերևներում` թափանցիկ հարաբերություններ, երբ ամեն մեկն իր տեղում է, իրականացնում է իր քաղաքացիական պարտքը և իսկապես հպարտ քաղաքացի է, որն ապրում է իր ընտանիքի ու հայրենիքի կյանքով, հավատով իր երկրի, իր իշխանությունների և ղեկավարության հանդեպ, հավատով իր վաղվա օրվա նկատմամբ:
Մարդը միայն իրենով չի ապրում, միայն այսօրով չի ապրում: Նա ապրում է և՛ անցյալով, ավելի ճիշտ՝ անցյալի հիշողությամբ (ինչը համառորեն փորձում եք ջնջել-վերացնել, ասես ձեզանից առաջ Հայաստանն անապատ է եղել, վայրենիներով բնակեցված մի կղզյակ, փրկիչներդ եկել եք Մարսից ու փորձում եք քաղաքակրթել Ռոբինզոն Կրուզոյի ժամանակներից մնացած ռուդիմենտ-ուրբաթներիս), և՛ ներկայով, և՛, որ կարևոր է, հավատով վաղվա օրվա նկատմամբ, ապրում իր ընտանիքի հոգսերով: Երկրի «հպարտ» քաղաքացին չի ուզում խաղալիք լինել օրվա իշխանությունների և այլ ուժերի ձեռքին:
Հետևություն. ուզեք թե ոչ, ճանապարհը մեկն է` վերջ տալ բացահայտ թալանին, ապօրինություններին, ստեղծել աշխատատեղեր, վերականգնել մարդկանց մի կտոր հաց վաստակելու իրավունքը առանց տարիքի սահմանափակման: Մեզ պետք են իշխանություններ, որոնք ժողովրդին ոչ թե սևերի ու սպիտակների կբաժանեն, ոչ թե անվերջ ասֆալտին փռելուց ու պատերին ծեփելուց կխոսեն, թաթիկներ կտրելուց ու ողնաշար ջարդելուց, այլ կմտածեն երկրի շենացման, հզորացման, Արցախի ու իսկապես բարգավաճ ապագայի մասին:
Խնդիրները շատ են, իսկ ժամանակը չի սպասում:
Կրկնեմ մեկ անգամ ևս՝ բա՛վ է, կա՛նգ առեք (ականջդ կանչի Արթուր Վանեցյան) ժողովրդին մի դարձրեք գործիք, մի՛ մաշեք-սպանեք նրա հավատը, նրա հայրենասիրությունը, մի՛ խաղացեք նրա նվիրական զգացմունքների հետ: Նրան մի՛դարձրեք օխլոս և մի՛ օգտագործեք որպես միջոց, որպես ուժ իշխանության գալու համար: Իսկ հետո… Եթե չեք ցանկանում հայտնվել պատմության աղբանոցում, գործ արեք ու ժողովրդին մի՛ դարձրեք մահակ ձեր ընդդիմախոսներին, անցանկալի դատավորներին, քաղաքական ու պետական նախկին գործիչներին, ազգային հերոսներին հարվածելու համար: Սազական չէ երկրի իշխանություններին վարած քաղաքականությամբ ոգեկոչել ցածր բնազդներին, իրականություն դարձնել թշնամու դարավոր իղձերն ու նկրտումները:
Սուտը, խաբեությունը, թալանը, հայհոյանքը լավ հանգրվանի չեն հասցնի:
Չի՛ կարելի ժողովրդին օգտագործել և հետո առանց խղճի խայթի ասել՝ ապրեք, գնացեք տուն, ամեն ինչ լավ կլինի:
Ե՞վ… Իհարկե ձեզ համար ամեն ինչ լավ է: Այդպես է, որովհետև «ոսկե ձկնիկը» գլուխը կախ լցնում է ձեր անհագ որկորը: Որովհետև «ոսկե ձկնիկը» դեռևս չի ալեկոծվել, թե՝ տղերք, դուք եք պարտավոր ծառայելու հանրությանը, ժողովուրդը ձեր ծառան չէ: Ոնց մարդկանց ուսերի վրայով եկել եք իշխանության, այնպես էլ նույն մարդկանց կամքով կգնաք անհայտություն: Ձեզ նմանների՞ն է պատմությունը տեսել ու կորցրել իր խորխորատներում:
Հանրությունն էլ ծերունի ձկնորսի նման գլխահակ դեռևս սպասում է և համբերում: Բայց այս վիճակն անվերջ չի կարող ձգվել, քանզի մարդկանց հավատն ու համբերությունն էլ սահմաններ ունեն:
Երբե՛ք մի մոռացեք, թե ինչի են ունակ «խելագարված ամբոխները»…
Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մեկնաբանություններ